ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

Եվրամիությունը հայտարարում է՝ մենք Հայաստանից չենք հեռանալու

Եվրամիությունը հայտարարում է՝  մենք Հայաստանից չենք հեռանալու
17.02.2015 | 12:18

«Կոնգրես» հյուրանոցի «Բոլռում» դահլիճը լեփ-լեցուն էր փետրվարի 12-ին: Հայաստանում Լատվիայի դեսպանատունը և Գլոբալիզացիայի ու տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը համատեղ ներկայացնում էին «Լատվիայի նախագահությունը ԵՄ-ում և ԵՄ Արևելյան գործընկերության ծրագիրը» և «ԵՄ խորհրդում Լատվիայի նախագահության գերակայություններն ու Հայաստանի հետ համագործակցության ոլորտները»։ Քննարկումը միատեղել էր դիվանագետների, պետական պաշտոնյաների, պատգամավորների, հասարակական կազմակերպությունների անդամների, ուսանողների ու լրագրողների: Գլոբալիզացիայի ու տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանը, սկսելով քննարկումը, հաստատված ավանդույթով, ներկայացրեց մասնակիցներին ու գոհունակությամբ նկատեց, որ լեցուն դահլիճը վկայում է՝ եվրոպական թեմատիկան հասարակության տարբեր հատվածների ուշադրության կենտրոնում է ԵՄ-ՀՀ հարաբերությունների ներկայով ու հեռանկարներով: Հայաստանում Լատվիայի դեպան Էլիտա Հավելեն ասաց, որ ԵՄ խորհրդում Լատվիայի նախագահությունը ստանձնելուց հետո Երևանում է կազմակերպվում առաջին հրապարակային քննարկումը, և դա շատ կարևոր է: Տիկին դեսպանը, ԵՄ խորհրդում իր երկրի նախագահության կես տարվա ծրագրի ներկայացումից բացի, կարևորեց ՀՀ-ԵՄ ներկա հարաբերություններն ու հեռանկարները: «Լատվիան միշտ Հայաստանին համարել է կարևոր գործընկեր Հարավային Կովկասում, մեր քաղաքական երկխոսությունը բաց է ու շատ կառուցողական: Երկկողմ այցելությունների փոխադարձ օրակարգը դրա վկայությունն է, մենք շարունակելու ենք կառուցողական ու փոխշահավետ շփումները: Արևելյան գործընկերությունը՝ որպես նախագահող, Լատվիայի գերակայություններից է և վերահաստատում է Հարավային Կովկասի բոլոր պետությունների կարևորությունը: Մեր նախագահության օրոք ծրագրում ենք վերահաստատել Արևելյան գործընկերության ռազմավարական կարևորությունը որպես եվրոպական հարևանության քաղաքականության մաս, ամրապնդել տարբերակման սկզբունքը արևելյան հարևանության գործընկերների հետ և ամրապնդել ԱԳ համատեղ հարթակը: Կարևոր է գույքագրել ձեռքբերումները և պատրաստել ապագայի տեսլականը: Մենք վերահաստատում ենք, որ անհատականացված մոտեցում պետք է կիրառել յուրաքանչյուր պետության հետ՝ հաշվի առնելով յուրաքանչյուր գործընկերոջ ցանկությունները»: ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան այն կարծիքին է, որ նման հանդիպումները ցույց են տալիս, թե ինչքան փոքր է աշխարհը, ու ինչքան մոտ ենք եղել միմյանց անցյալում, ինչքան մոտ ենք ներկայում ու ինչպես պիտի համագործակցենք ապագայում: Դեսպանը կարևորեց Արևելյան գործընկերության նախաձեռնությունները, որոնք կողմերին թույլ են տալիս ապագայում սերտացնել ԵՄ-ի հետ քաղաքական, տնտեսական, մշակութային կապերը, որոնց հիմքում միասնական նվիրումն է միջազգային իրավունքին և հիմնարար արժեքներին: ԵՄ-ն գաղափարներ է առաջարկում բոլոր գործընկերներին, որոնց նպատակն է անհատականացված հարաբերություններ մշակել յուրաքանչյուր շահառու պետության հետ: Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովում (մայիսի 21-22-ին) նորովի կգնահատվեն շահառու պետությունների ձեռքբերումներն ու հնարավորությունները, կմշակվեն ռազմավարությունը խորացնելու ուղղությունները: Գագաթնաժողովում կարծիքներ կփոխանակվեն ասոցացման համաձայնագրերի իրագործման մասին Վրաստանում, Մոլդովայում և ՈՒկրաինայում, կգնահատվեն հարաբերությունները և կապերի սերտացումները Հայաստանի, Ադրբեջանի և Բելառուսի հետ: Կքննարկվի եվրոպական միասնական տնտեսական տարածքի ստեղծման հարցը, կվերանայվի Արևելյան գործընկերության ծրագիրը՝ անհատականացման իմաստով: Ռիգայում կկայանա նաև ԱԳ լրատվամիջոցների խորհրդաժողովը, զուգահեռ՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներինը: ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանը կարևորեց Լատվիայի նախագահության գերակայությունների հաջողությունը: «ԵՄ-ն եղել և շարունակում է մնալ ՀՀ համար կարևոր գործընկեր: Մեր համագործակցությունը ԵՄ-ի հետ ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ, հարաբերությունները զարգանում են քաղաքական խորհրդակցությունների, ոլորտային ուղղություններով՝ շարժունակության դյուրացման ԵՄ ծրագրերին ՀՀ մասնակցությամբ»: Փոխնախարարը հիշեցրեց, որ փոխադարձ հետաքրքրության ոլորտներում համագործակցությունը զարգացնելու հանձնառությունը արտահայտվել էր Վիլնյուսի գագաթնաժողովում՝ ՀՀ-ԵՄ համատեղ հայտարարությամբ: Ինստիտուցիոնալ կառույցների հանդիպումներին զուգահեռ՝ ՀՀ-ն ակտիվ մասնակցում է ԱԳ-ի պլատֆորմներին ու փորձագիտական խմբերի աշխատանքին: Փոխնախարարը նշեց, որ մշակվում է ՀՀ-ԵՄ հարաբերությունների իրավական նոր շրջանակը, որ ներառում է առևտրատնտեսական բաղադրիչը ևս:
Արևելյան գործընկերության հարցերով Լատվիայի ԱԳՆ հատուկ դեսպանորդ Յուրիս Պոյկանսը անդրադարձավ Վիլնյուսի գագաթնաժողովին և նախորդած իրադարձություններին, հիշեցնելով, որ ՌԴ-ին նույնպես առաջարկված էր Արևելյան գործընկերության ծրագրում ընդգրկվել, բայց ԵՄ-ի և ՌԴ-ի տարբեր պատկերացումների պատճառով Վիլնյուսի գագաթնաժողովն այլ ընթացք ունեցավ: Նա կարծում է, որ Վիլնյուսը չձախողվեց, բայց իրավիճակն ավելի է բարդացել: Պարոն Յանուկովիչը այլևս քաղաքական ասպարեզում չէ, կա Ղրիմ՝ ՌԴ-ի դեֆակտո կազմում ու պատերազմ ՈՒկրաինայի արևելքում: Նա հույս հայտնեց, որ Մինսկում բանակցություններն արդյունք կտան, և պատերազմը կավարտվի: «ԵՄ-ՌԴ հարաբերությունները զարգացման ցածրագույն կետում են՝ սառը պատերազմի ավարտից հետո, երկու կողմերի վրա էլ դա բացասաբար է անդրադառնում: Սա ԵՄ ընտրությունը չէ, պատժամիջոցները բացասաբար են ազդում, մենք արձագանքեցինք այնպես, ինչպես պիտի արձագանքեինք Ղրիմի բռնակցումից հետո: ԵՄ-ն դեռևս տնտեսական ճգնաժամի ծուղակում է, որն ընդլայնումը ոչ պոպուլյար է դարձնում ԵՄ-ի ներսում: Մենք ստացանք ավելի բարդ իրավիճակ ՈՒկրաինայում և անկայունություն ԱԳ որոշ երկրներում, ԵՄ-ի դժկամությունը ավելի հավակնոտ օրակարգ առաջ տանելու համար»։ Ի՞նչ է ձեռք բերվել Վիլնյուսից մինչև Ռիգա: Ստորագրվել են ասոցացման երեք համաձայնագրեր, որոնք առևտրական խոր ու համապարփակ հարաբերություններ կստեղծեն երեք երկրների հետ: Նշելով, որ ԵՄ-ն շատ քննադատվեց նույն մոդելը արևելյան բոլոր գործընկերներին առաջարկելու համար, պարոն Պոյկանսը հաստատեց, որ եզրակացություններ արվել են, և ԵՄ-ն ԱԳ-ն կպահպանի որպես միասնական հարթակ, միաժամանակ կձգտի անհատական կապերի յուրաքանչյուր պետության հետ: «Ո՞ր կետում ենք այսօր» իր հարցին Յուրիս Պոյկանսը պատասխանեց՝ աշխարհն ավելի է բարդացել, քան Վիլնյուսից առաջ էր, միևնույն ժամանակ կարողացել ենք մեր հարաբերությունները ԵՄ-ի ու ԱԳ երկրների միջև խորացնել: Ի՞նչ անել, որ գագաթնաժողովը Ռիգայում ավելի խորացնի հարաբերություններն արևելյան գործընկերների հետ: ԵՄ-ը պարտավոր է տեսնել 28 անդամների կոնսենսուսը արևելյան գործընկերությունում, կան 28 պետություններ 28 տարբեր առաջարկություններով ու պատկերացումներով: «Հայաստանը որպես ավանդական գործընկեր Լատվիայի համար շատ ավելի հասկանալի է, քան Արևելյան Աֆրիկայի պետություններն են ընկալվում, բայց որպեսզի գործընկերությունն ավելի արդյունավետ լինի, մենք պիտի ընդհանուր պատկերացում ունենանք և արևելքի, և հարավի հարևանների գործընկերության կարևորության մասին: Մենք պետք է իրատեսական նպատակներ ունենանք Ռիգայի գագաթնաժողովի հարցում, ակնհայտ է, որ այս փուլում դա անպայման գագաթնաժողով չի լինելու, ընդլայնում չի լինելու գագաթնաժողովում՝ անկախ ԱԳ որոշ գործընկերների հավակնություններից: Միևնույն ժամանակ՝ ասոցացման երեք համաձայնագրեր ստորագրվել են Մոլդովայի, ՈՒկրաինայի ու Վրաստանի հետ և պարզ է, որ այս պետությունները պարտավոր են շարունակել պարտավորությունները կատարել, որպեսզի ասոցացման համաձայնագրերը հաջողությամբ պսակվեն: Մենք չենք կարող լքել Հայաստանին, Ադրբեջանին ու Բելառուսին՝ դա պարզ է: Հայաստանը, Ադրբեջանը և Բելառուսը մնում են կարևոր գործընկերներ ԵՄ-ի համար»,- շեշտեց Յուրիս Պոյկանսը: Նա ճշտեց, որ ԵՄ-ն աշխարհաքաղաքական մրցակցության մեջ չէ ՌԴ-ի հետ արևելյան գործընկերների հարցում: «ԱԳ հարցում կարմիր գիծը հետևյալն է՝ ԵՄ յուրաքանչյուր գործընկեր ԱԳ-ում իրավունք ունի ազատ ընտրել ԵՄ-ի հետ իր հարաբերությունների մակարդակը: Եթե ոչ, կվերադառնանք Եվրոպայում ազդեցության գոտիների ժամանակներին, իսկ դա ժամանակակից Եվրոպայի համար անընդունելի է, ԱԳ-ն պետք է ապահովի քաղաքականության ինքնիշխան ընտրության ազատությունը: ԱԳ-ն պետք է վերահաստատվի որպես ԵՄ արտաքին քաղաքականության կարևոր բաղադրիչ»,- հավելեց Պոյկանսը և հույս հայտնեց, որ ՀՀ նախագահը կմասնակցի Ռիգայի գագաթնաժողովին՝ եթե 28 պետությունների և 6 գործընկերների մասնակցությունը չապահովվի, սխալ ազդակ կուղարկվի, թե սա ԵՄ արտաքին քաղաքականության կարևոր մաս չէ: Եվրոպական տնտեսական միասնական ընդհանուր տարածքի հարցը դեռևս բաց է, բայց ապագայի ընթացքի հնարավոր ուղիներից մեկը կլինի: Ռիգայի գագաթնաժողովի հռչակագիրը պետք է հստակ ուղերձ հղի, որ ԵՄ-ն շարունակում է աշխատել իր գործընկերների հետ: Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի հարցում կարևոր է նորարար լինել, հետաքրքրության տարբեր մակարդակներ կան, նաև տարբեր է հարաբերությունների մակարդակը երեք պետությունների միջև: ՀՀ-ԵՄ հարաբերություններում ԵՄ-ն շատ բաց է նոր պայմանագրային կապեր ձևավորելու համար: Յուրիս Պոյկանսը փաստում է, որ քննարկումներում Հայաստանի հետ առաջընթացն ավելի հնարավոր է, քան Ադրբեջանի ու Բելառուսի: Նա նշեց վիզաների ազատականացման և ավիացիայի համաձայնագրի ստորագրման հնարավորությունները: Անդրադառնալով ԵՄ-ՌԴ հարաբերություններին, Պոյկանսն ընդունեց, որ բարդությունները մնում են՝ գործընկերության վերակառուցման ձևի տարբեր պատկերացումներ կան: Ռիգայի գագաթնաժողովը դրական սցենարի դեպքում կարող է հարթակ դառնալ՝ քննարկելու ինչպես ներգրավել ՌԴ-ին ԱԳ ապագայի գործընթացների մեջ: «Մենք նույն մայր ցամաքում ենք ապրում, մենք ուզում ենք կառուցել ամբողջական և ազատ Եվրոպա՝ առանց բաժանարար գծերի՝ ներառելով պետական կառույցները, գործարար շրջանակները, քաղաքացիական հասարակությունը»,- եզրափակեց Յուրիս Պոյկանսը:
Ելույթ ունենալով քննարկման երկրորդ՝ «ԵՄ նոր առաջնայնությունները ԵՄ-Հայաստան համագործակցության համատեքստում» մասում ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան սկզբից ևեթ ասաց, որ որևէ մեկին անակնկալի չի բերելու՝ կրկնելով, որ երկխոսությունը շարունակվում է, օրակարգը նույնն է՝ միմյանց դիրքորոշումների կոնսոլիդացում Ռիգայի գագաթնաժողովից առաջ: Նա ընդգծեց, որ երբ Հայաստանը որոշեց չստորագրել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը և անդամակցել ԵԱՏՄ-ին, ԵՄ-ը պատրաստակամություն հայտնեց աշխատել Հայաստանի հետ և պահպանել համագործակցության երկկողմանի բաղադրիչը պայմաններով, որոնք մրցունակ ու համադրելի են Երևանի կայացրած քաղաքական ընտրության հետ: ԵՄ-ը կշարունակի օժանդակել Հայաստանին բարեխիղճ կառավարման, մարդու իրավունքների, իրավունքի գերակայության, պետական համակարգի բարեփոխումների և այլ ոլորտներում: «Մենք մեր հայ գործընկերների հետ միասին մտածում ենք, թե ինչպիսին պիտի լինի ԵՄ-ՀՀ հարաբերությունների շրջանակը, որպեսզի պայմանագրային հիմք ձևակերպենք: ԵՄ-ն և ՀՀ-ն Բրյուսելում պաշտոնապես հաստատեցին, որ շարունակում են գործընթացը՝ ԵՄ-ՀՀ ապագա հարաբերությունների իրավաքաղաքական հիմքի հաստատման վերաբերյալ»,- ասաց Տրայան Հրիստեան: Նա կարծում է, որ պետք է իրատեսական նպատակներ ու ակնկալիքներ ունենալ Ռիգայի գագաթնաժողովից: ԵՄ-ն քաջալերում է Հայաստանի կառավարությանը հավակնոտ բարեփոխումներ իրականացնել և պատրաստ է ֆինանսատեխնիկական աջակցություն ցուցաբերել, բազմաթիվ հնարավորություններ է տեսնում ՀՀ-ի հետ աշխատելու համար: Այդ բարեփոխումների իրականացումով դեսպանը համոզված է, որ Հայաստանի հասարակությանը կապացուցվի, որ ԵՄ-ի հետ համագործակցությունն առաջին հերթին իրենց է վերաբերում և իրենց շահերի համար է: Նա վստահ է, որ երկկողմ հարաբերությունների զարգացումը կնպաստի ՀՀ քաղաքացիների շարժունակության դյուրացմանը և ԵՄ-ի հետ շփումների մեծացմանը՝ վիզաների մասին համաձայնագրի հաստատումից, տրանսպորտի մասին համաձայնագրի կնքումից հետո: Նա համոզված է, որ ԱԳ շրջանակներում համագործակցությունը պետք է ամրապնդվի բազմակողմ հարթակի վրա: ՀՀ քաղաքացիները պետք է իմանան՝ ինչ է և ինչ չէ ԵՄ-ն ու ինչ է անում իրենց համար՝ կենտրոնանալով այն հարցին, թե ԵՄ-ի հետ համագործակցությունն ինչպես է ազդում շարքային մարդու առօրյա կյանքի վրա, ոչ թե՝ քանի միլիոն առաջարկեց ԵՄ-ն իբրև աջակցություն ՀՀ-ին: Մարդիկ պիտի հասկանան, թե ինչու է ԵՄ-ը ճգնաժամի օրոք ԵՄ հարկատուների գումարները ծախսում Հայաստանում ինչ-որ ծրագրեր իրականացնելու վրա, ինչ օգուտ է դա բերում իրենց: Հայաստանի խոր վերափոխումը վերաբերում է հասարակության բոլոր հատվածներին՝ խիզախ բարեփոխումների համար ներպետական ուժեղ աջակցություն է պետք, ուստի ԵՄ-ը խրախուսում է ակտիացնել կապերը ազգային խորհրդարանների, քաղաքացիական հասարակության հետ: «Մենք շարունակելու ենք սատարել երկրի արդիականացմանը, շարունակելու ենք քաջալերել Հայաստանում անհրաժեշտ բարեփոխումները: Մենք Հայաստանից չենք հեռանալու: Եվրոպական հանձնաժողովը և ՀՀ-ն ստորագրել են փոխըմբռնման հուշագիր եվրոպական օժանդակության միասնական հայեցակարգի մասին անցյալ նոյեմբերին, որով սահմանված են ռազմավարական նպատակները և առաջնայնությունները: ՀՀ-ի հետ ապագայի համագործակցության համար 2014-2017-ին 140-170 միլիոն եվրո է նախատեսված մասնավոր հատվածի զարգացման, պետական կառավարման, արդարադատության բարեփոխումների համար: Զուգահեռ կիրականացվի օժանդակություն պետական հաստատությունների արդիականացմանը և քաղաքացիական հասարակությանը: Այս ծրագրի իրականացումը նախատեսում էր 19 միլիոն եվրոյի հատկացում իբրև օժանդակություն փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացմանը, և մենք դա արել ենք, այս տարի շարունակելու ենք»,- նշեց պարոն Հրիստեան և մանրամասն թվարկեց այն ոլորտները, որոնք ՀՀ կառավարության հետ համաձայնեցնելով ֆինանսավորելու է ԵՄ-ն այս տարի: Նա ընդգծեց, որ ԵՄ-ը լրջորեն մտահոգված է Հայաստանում անվտանգության վիճակով, հատկապես հիմա, երբ աննախադեպ ավելացել է լարվածությունը շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում: ԼՂ դեռևս չլուծված հակամարտությունը ռազմական լուծում չունի, և ստատուս քվոն չի կարող շարունակվել: Թեպետ ԵՄ-ն ՄԽ բանակցային գործընթացում ներգրավված չէ, բայց հատուկ ներկայացուցչի միջոցով սատարում է խաղաղության գործընթացին: ԵՄ-ն օժանդակում է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատմանը՝ երկու կողմերին խրախուսում է հավատարիմ մնալ հարաբերությունների նորմալացման գործընթացին՝ առանց նախապայմանների, Օսմանյան կայսրության գործած չարագործությունների հիշատակի միջոցառումներն այս տարի Հայաստանում փորձաքար կլինեն երկու պետությունների հաշտեցման գործընթացի համար: Նա հիշեցրեց, որ ԵՄ գործընկերության բարոմետրի վերջին արդյունքները Հայաստանի համար ցույց տվեցին, որ բնակչության մեծամասնությունը ԵՄ-ն համարում է նշանակալից գործընկեր:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Ստեփան Գրիգորյանին խնդրեցի մեկնաբանել դեսպան Տրայան Հրիստեայի հայտարարությունը, որ ԵՄ-ն Հայաստանից չի հեռանալու:
-Հայտարարություն էր, որը ես ողջունում եմ: Լավ, այդպես ստացվեց, բայց չի նշանակում, որ Հայաստանի հետ ԵՄ-ն չի աշխատելու, կգտնվեն նոր ձևեր, նոր մեխանիզմներ:
-Հայաստանը պատրա՞ստ է դրան:
-Այդ հարցը պիտի տաք պաշտոնյաներին: Ես կարծում եմ` հասարակությունը պատրաստ է շարունակել, ու չեմ կարծում, որ իշխանությունները դեմ կլինեն: ՀՀ անդամակցությունը ԵԱՏՄ-ին ինչ-որ ոլորտներում սահմանափակում է մեր հնարավորությունները, օրինակ՝ առևտրի ոլորտում, բայց կան ոլորտներ, որտեղ սահմանափակումներ չեն լինի:

Դիտվել է՝ 1205

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ